ԱՍՏՈՒԱԾ՝ ԵՐԱՇԽԱՒՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Սաղմոս Ասափի
1 Աստուած կանգնեց աստուածների ժողովում,
եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.
2 «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք.
եւ աչառութիւն անէք մեղաւորներին:
3 Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու,
արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին:
4 Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին,
մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»:
5 Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ,
եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին:
6 Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք,
կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի:
7 Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»:
8 Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը,
քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին: