ԱՂՕԹՔ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1 Ասափի օրհնութեան սաղմոսը

2 Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման.

մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ:

3 Ահա թշնամիներդ աղաղակեցին,

եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները:

4 Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին,

խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.

5 «Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց,

որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»:

6 Միաբանած՝ խորհեցին համատեղ,

դաշինք կնքեցին քո դէմ

7 եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները,

մովաբացիներն ու հագարացիները,

8 Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն

ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ:

9 Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ.

սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին:

10 Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին,

Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում:

11 Նրանք կոտորուեցին Դորի ակունքներում եւ եղան ինչպէս գետնի աղբ:

12 Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր

Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,

13 որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»:

14 Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ,

ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,

15 ինչպէս հուր, որ անտառն է այրում,

ինչպէս բոց, որ լեռներն է խանձում:

16 Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով,

ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց:

17 Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր,

որ քո անունը փնտռեն, Տէ՛ր:

18 Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթահար թող կորստեան մատնուեն:

19 Թող իմանան, որ քո անունը Տէր է,

եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ: