ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԵԱՆ ԵՐԳ

1 Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին

2 Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ,

զօրութիւնների՛ Տէր.

իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում:

3 Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով.

4 քանզի ճնճղուկը գտաւ տունն իր,

տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի. գտաւ քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր,

թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ:

5 Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը,

նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ:

6 Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել

7 տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց:

Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին:

8 Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում:

9 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած,

լսի՛ր իմ աղօթքը,

ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած:

10 Դու ապաւէն ես մեր.

տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,

11 քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ:

Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ,

քան մեղաւորների յարկի տակ բնակուել:

12 Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր,

որը շնորհք ու փառք պիտի տայ:

13 Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց,

ովքեր անմեղութեամբ են ընթանում:

Զօրութիւնների՛ Տէր Աստուած,

երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել: