ԱՂՕԹՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1 Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին

2 Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրը

ու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից:

3 Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը,

ջնջեցիր նրա բոլոր մեղքերը:

4 Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ,

ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից:

5 Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր,

ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից:

6 Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր,

եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի:

7 Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես,

եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով:

8 Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր,

եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ:

9 Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր.

խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի,

իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ:

10 Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար,

որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի:

11 Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն,

արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն:

12 Ճշմարտութիւնը երկրից բուսաւ,

արդարութիւնը երկնքից երեւաց:

13 Տէրը բարութիւն պիտի գործի,

իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ:

14 Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ,

ճանապարհ տալով նրա ընթացքին: