ԱՂՕԹՔ ՄԵՐՁԻՄԱՀ ՎԻՃԱԿՈՒՄ
1 Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին.
2 Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած,
գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի:
3 Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր,
ականջդ թող մօտենայ խնդրանքիս,
4 քանզի հոգիս չարչարանքով լցուեց,
եւ կեանքս դժոխքին մերձեցաւ:
5 Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում,
եղայ անօգնական մի մարդ,
լքուած՝ մեռեալների մէջ,
6 գերեզմանում պառկած սպանուածների պէս,
որոնց դու չես յիշում,
եւ որոնք մերժուած են քեզնից:
7 Ինձ խորախոր փոսի մէջ դրին,
խաւարի եւ մահուան ստուերների մէջ:
8 Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ,
ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր:
9 Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր,
եւ նրանք ինձ նշաւակ դարձրին.
ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս:
10 Աչքերս տկարացան թշուառութիւնից,
գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցի եւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ:
11 Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես,
կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց,
եւ նրանք գոհութի՞ւն պիտի մատուցեն քեզ:
12 Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում,
կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ:
13 Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչուեն,
կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում:
14 Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի:
15 Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին,
կամ շրջում երեսդ ինձնից:
16 Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր,
բարձրութիւնից ընկայ ու շուարեցի:
17 Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ,
քո արհաւիրքները խռովեցրին ինձ:
18 Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ,
պաշարեցին ինձ բոլորը միասին:
19 Իմ թշուառութեան պատճառով
բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից: