Աստծու մարդու՝ Մովսէսի աղօթքը

1 Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար:

2 Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները

եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը,

յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն:

3 Մարդուն մի՛ մատնիր տառապանքի,

քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»:

4 Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ,

կամ գիշերուայ մի պահի պէս:

5 Նրանց տարիները տառապալից պիտի լինեն.

առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,

6 առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն.

երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն:

7 Մենք մաշուեցինք քո բարկութիւնից, եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք:

8 Մեր մեղքերը առջեւդ դրիր,

իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ:

9 Մեր օրերը բոլորովին նուազեցին,

եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից:

Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման:

10 Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի,

կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի,

որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ:

Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատուեցինք:

11 Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը,

կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը:

12 Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը, եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը:

13 Դարձի՛ր, Տէ՛ր: Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին:

14 Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ,

ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին:

15 Ուրախացանք այն օրերի փոխարէն,

երբ հնազանդեցրիր մեզ,

եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք:

16 Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին,

եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին:

17 Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի.

ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր,

մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ: