ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՊԱՒԷՆ ԽԵՂՃԵՐԻ ԵՒ ՃՆՇՈՒԱԾՆԵՐԻ
1 Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի
2 Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր,
կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ:
3 Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով,
սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ:
4 Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից:
5 Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար,
բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար:
6 Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ.
նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից:
7 Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ.
դու քաղաքներ աւերեցիր,
եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով:
8 Բայց Աստուած մնում է յաւիտեան,
նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար:
9 Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ,
եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ:
10 Տէրն եղաւ տնանկի ապաւէնը
եւ նեղութեան ժամանակ օգնականը:
11 Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո,
քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր:
12 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում.
հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա:
13 Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝
Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց:
14 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր,
եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից:
15 Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից,
որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները
Սիոնի քաղաքի դռներին,
եւ ցնծամ քո փրկագործութեամբ:
16 Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ,
եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու:
17 Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով,
եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի:
18 Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն,
նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն:
19 Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին,
եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի:
20 Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ,
թող հեթանոսները դատուեն քո առջեւ:
21 Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր,
եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են:
ԱՂՕԹՔ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր,
անտարբեր եղար նեղութեան ժամանակ:
2 Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը.
թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք,
3 քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար,
գովաբանւում է եւ նա, ով զրկում է:
4 Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն,
թէ չի ստանայ հատուցում:
5 Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ,
մշտապէս պիղծ են նրա ճանապարհները:
Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից,
նա կը տիրի իր բոլոր հակառակորդներին:
6 Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի,
դարէդար կ՚ապրի առանց փորձանքի:
7 Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա,
իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք:
8 Մեծամեծների հետ դարան է մտնում,
որ գաղտնաբար սպանի անմեղին:
9 Նրա աչքն աղքատի վրայ է,
դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում,
դարանակալում է յափշտակելու աղքատին,
յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան:
10 Նրան կը գցի իր որոգայթը,
բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի:
11 Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է,
շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար:
12 Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը,
եւ մի՛ մոռացիր տնանկներին:
13 Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝
ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի:
14 Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝
նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝
նրան քո ձեռքը վերցնելու համար:
Քեզ է ապաւինել աղքատը,
եւ դու ես որբի օգնականը:
15 Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը,
թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն:
16 Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից.
թող կորչեն հեթանոսները նրա երկրից:
17 Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր,
քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝
18 տեսնելու որբի ու տնանկի դատաստանը,
որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին: