ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԷԺԽՆԴԻՐ
Դաւթի չորեքշաբթի օրուայ սաղմոսը
1 Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր,
Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր:
2 Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես,
հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին:
3 Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր,
մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան,
4 յոխորտալով անիրաւութիւն բարբառեն,
բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում:
5 Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին, եւ քո ժառանգութիւնը չարչարեցին:
6 Այրուն ու պանդխտին սպանեցին,
որբերին կոտորեցին ու ասացին.
7 «Տէրը դա չի տեսնում,
եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»:
8 Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր,
մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք:
9 Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի,
կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի:
10 Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը
միթէ չի՞ յանդիմանի:
11 Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են:
12 Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր,
եւ օրէնքներդ նրան սովորեցնում:
13 Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին,
մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի:
14 Տէրը չի մերժի իր ժողովրդին,
եւ իր ժառանգութիւնը չի անտեսի,
15 մինչեւ որ դատաստանն արդար դառնայ,
եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն:
16 Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ,
կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց,
ովքեր անօրէնութիւն են գործում:
17 Եթէ Տէրն ինձ չաջակցէր,
մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում:
18 Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին,
քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ:
19 Սրտիս ցաւերի բազմանալու ժամին
քո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին:
20 Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան,
որ վնաս է պատճառում օրէնքին:
21 Արդարի հոգին որսացին,
եւ անմեղի արիւնն էին դատապարտում:
22 Տէրն եղաւ իմ ապաւէնը,
իմ յոյսի օգնական Աստուածը:
23 Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ,
իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր: