ԱՂԵՐՍ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ

Դաւթի օրհներգը

1 Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ,

աղաղակենք մեր փրկիչ Աստծուն:

2 Փութանք նրա մօտ խոստովանութեամբ,

սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած:

3 Մեծ է Աստուած, Տէր,

մեծ թագաւոր ողջ աշխարհում:

4 Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի,

եւ նրանն են բարձունքները լեռների:

5 Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն,

ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին:

6 Եկէ՛ք երկրպագենք նրան,

խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ:

7 Տէր Աստուածն է նա մեր,

մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները:

8 Այսօր, երբ լսէք ձայնը նրա,

մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ,

ինչպէս փորձութեան օրն անապատում,

9 որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը,

քննեցին ինձ ու տեսան իմ գործերը:

10 Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար

եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով,

ու ճանապարհներս չճանաչեցին»:

11 Ուստի երդուեցի զայրոյթիս պահին,

որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ: