ԱՍՏՈՒԱԾ՝ ԳԵՐԱԳՈՅՆ ԹԱԳԱՒՈՐ

Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ տաճարը շինուեց

1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով,

օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ:

2 Օրհնեցէ՛ք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա,

օրըստօրէ աւետեցէ՛ք փրկութիւնը նրա:

3 Հեթանոսների մէջ փառքը պատմեցէ՛ք նրա,

եւ բոլոր ժողովուրդների մէջ՝ սքանչելագործութիւնները նրա:

4 Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ,

ահարկու է նա բոլոր կուռքերից աւելի:

5 Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են,

իսկ Տէրն արարիչն է երկնքի:

6 Խոստովանութիւն եւ վայելչութիւն կայ նրա առջեւ,

սրբութիւն եւ մեծափառութիւն՝ նրա սրբարանում:

7 Մատուցեցէ՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր,

մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ:

8 Մատուցեցէ՛ք Տիրոջը փառքն իր անուան,

ընծանե՛ր վերցրէք ու մտէ՛ք սրահները նրա:

9 Երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սրբարանի գաւիթներում,

քանզի ամբողջ երկիրը պիտի խռովուի նրա ներկայութիւնից:

10 Հեթանոսների մէջ ասացէ՛ք, թէ՝ «Տէրը թագաւորեց,

նա աշխարհն հաստատեց, որ չսասանուի,

եւ նա իր ժողովրդին արդարութեամբ պիտի դատի»:

11 Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ երկիրը,

թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր կենդանի էակներով:

12 Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում եղած ամէն ինչ,

թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը

13 Տիրոջ առջեւ, որ գալիս է,

գալիս է դատելու երկիրը:

Նա պիտի դատի տիեզերքն արդարութեամբ, եւ բոլոր ժողովուրդներին՝ իր ճշմարտութեամբ: